Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Երբ փորձում ենք լուծել անցյալի խնդիրները, չի ստացվում առաջ գնալ»

«Երբ փորձում ենք լուծել անցյալի խնդիրները, չի ստացվում առաջ գնալ»
17.04.2015 | 00:29

Ապրիլի 9-10-ին Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանի հրավերով Հայաստանում էին հունգար, լեհ, սլովակ փորձագետներ: Նրանք սեմինարներ անցկացրին Եվրոպայում խոսքի ազատության և լիբերալ-դեմոկրատիայի ճգնաժամի թեմաներով: Անդրեյ Վոյտան ներկայացրեց խոսքի ազատության խնդիրները Հունգարիայում, Սեմյուել Աբրահամն անդրադաձավ լիբերալ-դեմոկրատական գաղափարների ճգնաժամին, պատճառներին ու հաղթահարման հնարավորություններին:
Բրատիսլավայի լիբերալ արվեստների ինտերնացիոնալ ինստիտուտի տնօրեն, «Կրիտիկա և կոնտեքստ» պարբերականի գլխավոր խմբագիր ՍԵՄՅՈՒԵԼ ԱԲՐԱՀԱՄԻ հետ հարցազրույցը սեմինարի շրջանակներում էր, բայց և միասին դուրս եկանք թեմայի շրջանակներից:

-Առաջի՞ն անգամ եք Հայաստանում և ի՞նչ նպատակով եք եկել:
-Հայաստան ենք եկել հրատարակիչների խմբով՝ հանդիպելու հրատարակիչների ու լրագրողների հետ՝ քննարկելու բոլորիս համար ընդհանուր խնդիրները: Երևան ենք եկել Թբիլիսիից, որտեղ նույնպես սեմինարներ ենք անցկացրել նույն թեմաներով: Ես քաղաքագետ եմ և խոսքի ազատության մասին չեմ խոսելու, այլ լիբերալ-դեմոկրատիայի ճգնաժամի, որը նկատելի է հետխորհրդային տարածքում: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո նախկին հանրապետություններում ձևավորվեցին լիբերալ-դեմոկրատական պետություններ, բայց միայն կառուցվածքը բավական չէ, պետք է այդ կառուցվածքը հագեցնել բովանդակությամբ, իսկ դա ժամանակ և ջանքեր է պահանջում: Երկու հիմնական խնդիր կա՝ մեկը կոռուպցիայից ազատվելն է, մյուսը՝ համոզել քաղաքական գործիչներին, որ ընտրություններում հաղթելուց հետո պետք չէ կառավարությունը մենակ կազմել, այլ համագործակցել քաղաքական մյուս ուժերի հետ: Եկել ենք մեր փորձը ներկայացնելու, ձեր փորձը սովորելու: Վստահ եմ, որ մամուլը կարևոր դեր է կատարում այդ հարցում՝ օգնելով ազատվել կոռուպցիայից և ձևավորել հասարակական կարծիք: Հայաստանում առաջին անգամ եմ, Երևանը շատ գեղեցիկ քաղաք է, բայց մի պրոբլեմ ուղղակի աչք է քերծում՝ պլաստիկ դատարկ շշերի առատությունն ամեն տեղ: Ես միշտ ցանկացել եմ Հայաստան գալ, որովհետև շատ եմ լսել ու կարդացել Հայաստանի, հայկական մշակույթի, Հայոց ցեղասպանության մասին:
-Ի՞նչ գիտեք Դուք հայերի ցեղասպանության մասին:
-Կարծում եմ՝ այդ հարցին անհատական վերաբերմունք պետք է ունենալ և յուրաքանչյուրի խնդիրն է՝ հնարավորինս ավելին իմանալ: Հայերի ցեղասպանությունն ու հրեաների հոլոքոստը պիտի ներկայացվեն այնպես, ինչպես եղել է: Ցեղասպանության դեպքում ամենածանր հարցը եղել և մնում է այն, որ Թուրքիան չի կարող բաց քննարկել հարցն ու ընդունել ցեղասպանությունը: Ժամանակակից Թուրքիայի ձևավորումը և ցեղասպանությունը ժամանակի մեջ համընկան, և ստացվում է, որ ներկա Թուրքիան չի ընդունում իր հիմքերը՝ իր նախնիների պատմությունը չընդունելով: Թուրքիայի նոր նախագահը փորձում է Թուրքիան ավելի մուսուլմանական երկիր դարձնել և պարադոքս է գուցե, որ, իբրև մուսուլմանական երկիր, կարող է ընդունել Հայոց ցեղասպանությունը:
-Ինչի՞ հիման վրա եք եկել նման եզրակացության:
-Թուրքիայում հիմա աշխարհիկ և մուսուլմանական միտումների պայքար է, բայց Թուրքիան ուզում է իր անցյալը հասկանալ և ավելի ու ավելի շատ մարդկանց է հետաքրքրում՝ ինչ է եղել իրենց անցյալում, ինչո՞ւ պաշտոնական պատմությունը կա՛մ լռում է, կա՛մ ներկայացնում է բոլորովին ուրիշ պատկեր:
-Դուք ասում եք, որ հայերի ցեղասպանությունն ու հրեաների հոլոքոստը պետք է ներկայացվեն աշխարհին, ո՞վ պիտի ներկայացնի՝ հայերն ու հրեանե՞րը, եթե ցեղասպանությունը ոճիր է մարդկության դեմ:
-Յուրաքանչյուր դեմոկրատ մարդու անձնական պարտքն է վերականգնել արդարությունը: Դա այնքան ծանր ու ողբերգական հարց է, որ մինչև չբացահայտվի, մինչև բաց չխոսվի այս հարցի մասին, չպարզաբանվի, Հայաստանը չի կարող վստահորեն նայել իր ապագային:
-Հայաստանը վստահորեն է նայում իր ապագային, խնդիրն այլ է՝ ինչպե՞ս է այդ ապագան կառուցում: Թուրքիայի ազդեցությունը Հայաստանի վրա փակ սահմանն է, Ադրբեջանին աջակցությունը, Լեռնային Ղարաբաղի հարցի միակողմանի պատկերացումը:
-Հարևան երկու մեծ երկրները՝ Թուրքիան և Ադրբեջանը, լարված հարաբերություններ ունեն Հայաստանի հետ, թշնամական այդ իրավիճակում Հայաստանը չի կարող դեպի ապագա նայել Ռուսաստանի հետ կամ Եվրամիության հետ, որովհետև չունի ուղղակի սահմաններ այդ պետությունների հետ: Ադրբեջանը և Հայաստանը չեն կարող նորմալ հարաբերություններ ունենալ այնքան ժամանակ, քանի դեռ հայ-թուրքական հարաբերությունները նորմալ չեն:
-Դուք գործնականում ներկայացրիք Թուրքիայի տեսակետը: Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը Անկարան կապում է Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման հետ:
-Ես խոսում եմ ցեղասպանության մասին: Ես չեմ կարող խոսել Լեռնային Ղարաբաղի մասին, որովհետև շատ քիչ գիտեմ այդ թեման: Ես ուսումնասիրում եմ Թուրքիան, Օսմանյան կայսրության պատմությունը, հարաբերությունները հույների, հայերի, հրեաների հետ, այդ պատճառով կարող եմ խոսել ցեղասպանության մասին, բայց ոչ Լեռնային Ղարաբաղի:
-Ինչո՞ւ հոլոքոստ ապրած հրեաները չեն ընդունում Հայոց ցեղասպանությունը:
-Ցեղասպանության և հոլոքոստի տարբերությունները բացատրելու համար երկար ժամանակ է պետք, երկուսն էլ մեծ ողբերգություններ են: Հայերի ցեղասպանությունը ավելի շատ տարածքային խնդիր էր, հրեաների ցեղասպանությունը քայլ էր արևմտյան արժեքների դեմ:
-Ինչո՞ւ հակադրել, երբ կարելի է համադրել:
-Պատմական տեսանկյունից պետք է տարբերությունները տեսնել, մեկն ավելի կամ նվազ ողբերգական համարել չի կարելի մյուսից, երկուսն էլ ծանր հետևանքներ ունեցան: Ցավը նույնն էր՝ սպանվել են մարդիկ, բայց պատճառներն ու հետևանքները տարբեր էին:
-Թուրքիան Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիայի դաշնակիցն էր, Գերմանիայի ամբողջ արդյունաբերությունը, բանկային համակարգը հրեաների ձեռքում էին, հրեաները մեղավոր չե՞ն Հայոց ցեղասպանության մեջ:
-Ռոտշիլդների ազդեցությունը արդեն նվազում էր, բարձր մակարդակի իշխանության մեջ պրուսացիներն էին, ո՛չ հրեաները: Ի՞նչ կապ ունեն հրեաները ցեղասպանության հետ:
-Չե՞ք կարծում, որ Թուրքիան կընդունի հայերի ցեղասպանությունը, երբ ընդունեն Գերմանիան ու Իսրայելը:
-Ես չգիտեմ Իսրայելի դիրքորոշումը, կարծում եմ՝ նրանք համարում են ողբերգություն, Գերմանիան՝ նույնպես: Հարյուր տարի առաջ կատարված իրադարձությունները մնում են մեր մտքում և թույլ չեն տալիս առաջ գնալ, ինչպես Տրիանոնի խաղաղության պայմանագիրը, որ Հունգարիայի երկու երրորդը տվեց հարևաններին: Իմ երկրի պատմությունից ելնելով՝ կարող եմ ասել, երբ փորձում ենք լուծել անցյալի խնդիրները, երբեք չի ստացվում առաջ գնալ: Պատմության հանդեպ յուրաքանչյուր կողմ իր տեսակետն ունի և շատ դժվար է համատեղելը:


Զրույցը՝ Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1454

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ